Ապրիլի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Ծաղկազարդին բաց պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ:

Տիրախնամ փրկությունն ու գարնան զարթոնքն ազդարարող այս տոնը Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգ հողում առանձնակի շուքով նշվեց: Սուրբ Պատարագ մատուցվեց համայնքի հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն․Սարդարյանի ձեռամբ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ:

Պատարագից հետո «Ս․ Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրյա դպրոցի երեխաները տոնին նվիրված փոքրիկ միջոցառում մատուցեցին՝ ներկայացնելով հայ մշակույթի գոհարները մանկական գեղեցիկ պարի, երգի և արտասանության միջոցով։

Միջոցառումից հետո տեղի ունեցավ ֆրանսիահայ գրող Ժան Ժակ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը, որի ավարտին երեխաները գունավոր փուչիկներ բաց թողեցին երկինք` իրենց բաղձալի երազանքներով։

ԲՎՀՀ
_

Fotos: Lusine Vatyan

Palmsonntag. Fotos: Lusine Vatyan ©